Հայաստանի կառավարությունը որոշել է «Կարոլինա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2013թ. սեպտեմբերի 1-ը։

Ընկերությունը նախատեսում է Երեւանում հիմնել բնական հյութի արտադրության ժամանակակից արտադրամաս, կատարել մոտ 6.5 մլն եվրոյի ներդրում։

Արտադրանքի վրա կպատկերվեն Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից մի քանիսը, ինչի վերաբերյալ նույնպես կնքվել է համապատասխան պայմանագիր։ Ըստ ծրագրի կստեղծվի առնվազն 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 70 հազար դրամ։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս նախագիծը եւս, ինչպես համանման մյուս նախագծերը, որոնք հաստատվում են Հայաստանի կառավարությունում, պետք է լայնորեն լուսաբանվեն մամուլում եւ ենթարկվեն հասարակական վերահսկողության, քանի որ այդ տնտեսվարողների համար ստեղծվում են աշխատանքի արտոնյալ պայմաններ։