Wall Street Journal-ի տեխնոլոգիական լրագրող Յուկարի Իվատանի Քեյնը կարծում է, որ տարածաշրջանային տեխնոկենտրոն դառնալու համար հայերը պետք է օգտագործեն իրենց պոտենցիալը, տարբերվող մտածելակերպը, ինչն առաջին հայացքից, թերություն է թվում: Այս մասին նա ասել է Empowering Ideas միջազգային տեխնոֆորումի ժամանակ NEWS.am-ի լրագրողի հետ զրույցում:
«Դուք տարբերվող մտածելակերպ ունեք, շատ տարբեր Սիլիկոնյան հովտում աշխատող մասնագետներից, որտեղ գրեթե բոլորը նմանատիպ են մտածում: Պետք չէ փորձել կրկնօրինակել նրանց, դուք պետք է օգտագործեք այդ տարբերությունը հօգուտ ձեզ: Իհարկե, Սիլիկոնյան հովիտը աշխարհի տեխնոլոգիական կենտրոնն է համարվում, ուր կենտրոնացած է փողը, հնարավորություններն ու կապերը, բայց, իմ կարծիքով, դրա ամենամեծ թերությունն այն է, որ կենտրոնացած լինելով սեփական աշխարհի շուրջ՝ այնտեղ չեն մտածում դրանից դուրս»,- պնդում է WSJ լրագրողը:
Տիկին Քեյնը կարծում է, որ հաջողակ լինելու համար պարտադիր չէ Սիլիկոնյան հովտում լինել՝ բերելով հնդիկ երիտասարդ գործարարների օրինակներ, ովքեր հաջողակ են դարձել՝ ստեղծելով Հնդկաստանում կենտրոնացված ստարտափեր:
«Սիլիկոնյան հովտում շատերը նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ, օրինակ, կան երկրներ, որտեղ մարդիկ նույնիսկ համակարգիչ չունեն: Ուզում եմ ասել, որ դուք բոլորից լավ գիտեք ձեր տարածաշրջանի մարտահրավերներն ու խնդիրները, եւ այն լուծումները, որոնք դուք կարող եք առաջարկել, շատ ավելի լավն են, քան Սիլիկոնյան հովտի ստեղծածները: Ուղղակի օգտագործեք այդ առավելությունն ու ձեր պոտենցիալը»,- ասել է Wall Street Journal–ի լրագրողը:
Յուկարի Իվատանի Քեյնը տեխնոլոգիական լրագրության վետերաններից է: Նա մոտ 15 տարի գրում է տեխնոլոգիական ոլորտի մասին: Որպես Wall Street Journal տեխնոլրագրող, նա գրել է Սթիվ Ջոբսի կյանքի վերջին տարիներին Apple-ում տեղի ունեցող զարգացումների մասին:





























