Վաշինգթոնը գնահատում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Այս մասին ըստ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: «Մենք ողջունում ենք Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են ռազմագերիների ու զոհվածների աճյունների փոխանակմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Կարմի Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը գնահատում է Մեդվեդեւի ջանքերը այդ պայմանավորվածությանը հանգելու համար, որն ուղղված է կողմերի միջեւ վստահության ստեղծմանը եւ հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:
ԱՄՆ-ը կարծում է, որ Ասրտախանում ընդունված համատեղ հռչակագիրը «դրական զարգացում» է շարունակվող բանակցային գործընթացում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 27-ին Աստրախանում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները եւ քննարկել ԼՂ խնդրի կարգավորման ընթացքն ու հեռանկարները:




























