Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսպես կոչված, «պլատֆորմի» ստեղծումն իրականում կոմեդիա է հիշեցնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:

Ըստ պատգամավորի՝ սակայն դա միաժամանակ մեծ խնդիր է ստեղծում: «Դա ամբողջությամբ արժեզրկում է եւ արատավորում ժողովրդական դիվանագիտության ինստիտուտը: Երկրորդ՝ ցույց է տալիս, որ Ադրբեջանը մարտավարությունը փոխել է. եթե մինչ այս նրանք, ովքեր հայերի հետ շփվում էին, բանտերում էին հայտնվում, ապա հիմա պետք է հայեր հորինել, որոնց հետ կարելի է շփվել եւ բանտում չհայտնվել: Այսինքն՝ գործ ունենք բավական լկտի մոտեցման հետ»,- նշեց Բեքարյանը՝ շարունակելով, որ ամենասարսափելին այն է, որ միջազգային որոշ գործիչներ, չխորանալով, թե իրականում ինչ է տեղի ունենում, արդեն հանդես են եկել  ոչ նորմալ արձագանքներով: «Անհրաժեշտ է միջազգային հանրության ուշադրությունը գրավել դրանից բխող սպառնալիքների եւ մարտահրավերների վրա»,- նշեց Կարեն Բեքարյանը: