Զաքարյանների 5 հոգանոց ընտանիքը, որն արդեն մի քանի տարի բնակվում է Երեւանում գտնվող փոքրիկ վագոն-տնակում, ձմռան այս ցրտին երազում է վառելիքի, սնունդի եւ հագուստի մասին: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ Ռոզա Ադամյանը, պատմեց, որ օր է լինում, երբ չգիտի՝ ինչով է կերակրելու իր մեկ եւ երկու տարեկան երեխաներին: Նրանց զբաղեցրած տնակի պատերն ամբողջությամբ ծակծկված են, հատակը՝ փտած, գիշերը գրեթե անհնար է քնել անտանելի ցրտի պատճառով, ընտանիքը  նաեւ երազում է գոնե մի քիչ վերանորոգել տնակը, որպեսզի փոքրիկները չմրսեն:

«Գնում ենք ամուսնուս հետ փայտ ենք հավաքում, որ կարողանանք վառարանը վառել, որ էս փտած տնակը մի քիչ տաքացնենք: Բարի մարդիկ էլ սնունդ են բերում, հագուստ, վառելիք...»,-պատմեց Ռոզան:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ տնակի անհարմար  պայմաններում շատ դժվար է երկու մանկահասակ երեխաներին խնամելը: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, նրա 32-ամյա ամուսինը` Ալբերտ Զաքարյանը, անաշխատունակ է, իսկ սկեսուրը առողջական խնդիրներ ունի.  արդյունքում իրենք ծայրահեղ վիճակում են հայտնվել եւ ակնկալում են Հայաստանի իշխանությունների ու բարի մարդկանց աջակցությունը:

Ամանորին ընդառաջ Զաքարյանները երեխաներին ուրախացնելու համար արհեստական տոնածառ են բերել, որն անշուք տնակի մի անկյունում է դրված՝ առանց զարդարանքի. «Մեկին պետք չէր տոնածառը՝ գնացինք, բերեցինք, որ ուրախանան երեխաները: Բայց զարդեր չկան, որ զարդարենք... էլի բան է՝ Ռոբերտս ուրախանում է»:

Երկու տարեկան Ռոբերտն արդեն Ձմեռ պապիկից իր նվերն ուզել է՝ խաղալիք մեքենա, որի մեջ հնարավոր կլինի նստել եւ քշել. «Խոսել նորմալ չի կարողանում, բայց ամբողջ օրն ասում է՝ Ձմեռ պապիկն իրեն ավտո է բերելու ու ինքն էլ քշելու է: Բայց մենք չգիտենք՝ ինչ ենք անելու, որ երեխան չտխրի: Շատ է սպասում, որ իր նվերը ստանա»:

Ընտանիքն Ամանորի գիշերը Նոր տարին բոլորի նման չի դիմավորում. սոցիալական ծանր վիճակը թույլ չի տալիս սեղանը լցնել տարատեսակ ուտելիքով, կարողանում են ընդամենը պարտքով մի քանի բան գնել երեխաներին ուրախացնելու համար:

Զաքարյանների ընտանիքն ապրել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանի նախկին շենքում, որը վթարային շենք է եղել եւ  ստիպված են եղել տեղափոխվել: Ընտանիքը գրանցված չի եղել այդ հասցեում, այդ պատճառով էլ  շենքի փլուզումից հետո պետությունը նրանց բնակարանով չի ապահովել, արդյունքում հայտնվել են դրսում: Ստիպված են եղել վարձով ապրել, սակայն, ի վիճակի չլինելով վճարել  տան վարձը, ի վերջո,  հայտնվել են վագոն-տնակում:

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094363099 հեռախոսահամարով: