Ոչ մի հակամարտության դեպքում դրա ավարտից հետո փախստականների ամբողջական համապարփակ վերադարձ չի եղել։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում փախստականների վերադարձի մասին հարցին։
«Իրականանալի է այն շրջաններում, որոնք (եթե նման բան լինի) վերադարձվեն Ադրբեջանին։ Մյուս շրջաններ փախստականների վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ինչպես եւ խոսք չի կարող լինել հայերի՝ Բաքու եւ Սումգայիթ վերադառնալու մասին։ Յուրաքանչյուր վերադարձած փախստականին ՄԱԿ–ի խաղաղապահ հնարավոր չէ կցել։ Ոչ մի հակամարտության դեպքում, որն էլ որ վերցնես, դրա ավարտից հետո փախստականների ամբողջական համապարփակ վերադարձ չի եղել։ Անգամ եթե այդ հակամարտությունը լուծվել է մեկ պետության սահմաններում։ Ռուսները Չեչնիա եւ Ինգուշեթիա չեն վերադարձել։ Եկեք այդ դեպքում ասենք, որ հայերը եւ հույները պետք է վերադառնան Թուրքիա, գերմանացիները՝ Արեւելյան Պրուսիա եւ Սուդետա, ֆրանսիացիները՝ Ալժիր եւ այլն։ Այդ ամենը ֆանտաստիկայի ժանրից է։ Ցավոք, տեղի է ունեցել այն, ինչը կոչվում է «բնակչության փոխանակում»։ Եվ դրանից չես փախչի»,– ասաց փորձագետը։





























