Իրանը պատրաստվում է ընդլայնել Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները, Բիշքեկում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռոհանին երկօրյա այցով Բիշքեկ է ժամանել հինգշաբթի ուշ երեկոյան: Ղրղզստանի մայրաքաղաքում նա բանակցություններ կվարի նաեւ երկրի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ եւ կմասնակցի ղրղզա-իրանական բիզնես համաժողովի աշխատանքին: Այցի ընթացքում նախատեսված է ղրղզա-իրանական համատեղ մի շարք փաստաթղթերի ստորագրում:

«Իրանը պատրաստվում է ընդլայնել ԵՏՄ հետ հարաբերությունները  եւ ցանկանում է այս միության հետ ազատ առեւտրի հասնել»,- հայտարարել է Ռոհանին: Նա լիահույս է, որ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը: