Համացանցի օգտատերերը քննարկում են այն տեսանյութը, որը տեսահսկման խցիկը նկարահանել է Սոչիի մոտ Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի կործանման ժամանակ: Հոլովակում նկատելի է երկնքում հայտնված վառ բռնկում: Այս մասին հայտնում է «Վզգլյադ»-ը:
Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովը այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Տու-154 ինքնաթիռում ահաբեկչության վարկածը «լիովին բացառված է»: Նրա խոսքով՝ աղետի պատճառ կարող է լինել տեխնիկայի անսարքությունը կամ ինքնաթիռը վարելու սխալը:
Իր հերթին ՌՕՈւ-ի մայոր, հրահանգիչ-օդաչու Անդրեյ Կրասնոպերովը նշել է, որ կասկածելի է թռիչքից հետո բարձրություն հավաքելիս ռադարների էկրաններից ինքնաթիռի այդչափ արագ անհետացումը, սակայն կործանման պատճառների մասին ճշգրիտ կվկայեն միայն սեւ արկղի տվյալները: Դատելով բեկորների բնույթից եւ հեռավորությունից, որով դրանք ցրվել են, Կրասնոպերովը ինքնաթիռում հնարավոր պայթյունի վարկածի մասին է բարձրաձայնել:
Տու-154-ը ռադարների էկրաններից անհետացել է Ադլերի օդանավակայանից թռչելուց 2 րոպե հետո: Ինքնաթիռում 92 մարդ է եղել:











