Քառօրյա պատերազմում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով դպրոցի բակում վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանն Ամանորը հենակներով է դիմավորելու. դեպքից 9 ամիս անց Վարդանը դեռեւս քայլել չի կարողանում: NEWS.am-ին Վարդանի հարազատները հայտնեցին, որ ինքնուրույն նա քայլել կսկսի մոտ 2 ամսից:
Վարդանը հրետակոծության հետեւանքով ստացել էր աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածք: Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում տղան վիրահատվել էր եւ շուրջ 2 ամիս անց միայն դուրս գրվել հիվանդանոցից: Վարդանի հետ վիրավորված մյուս տղան` Գեւորգ Գրիգորյանը, որի ավագ եղբայրը սպանվեց ադրբեջանական հրետակոծության հետեւանքով, արդեն լավ է: Նա ստացել էր աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասում: Մոտ 1 ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո նա դուրս էր գրվել:
Նշենք, որ NEWS.am-ի բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գումարից 100 հազարական դրամ կազմակերպիչները տրամադրել են քառօրյա պատերազմում վիրավորված 2 երեխաների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գումարը բաժանվել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ անչափահաս երեխաներ կան։ Ակցիայի կազմակերպիչներն այցելել են Արցախում եւ Հայաստանում ապրող բոլոր ընտանիքներին եւ հանձնել գումարը:





























