Ադրբեջանի կողմից ամենօրյա դարձած ապատեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան հող նախապատրաստել Աստրախանում երեք պետությունների նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունները չկատարելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով վիրավորվել է ադրբեջանցի մի զինծառայող:

«Դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանը հող է նախապատրաստում Աստրախանում ձեռքբերված պայմանավորվածությունները չկատարելու համար: Այդ կապակցությամբ մենք արտահայտում ենք մեր մտահոգությունը»- նշել է Կարապետյանը:

Նշենք, որ ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հրադադարի խախտման հետեւանքով իբր վիրավորվել է Ֆարրուհ Սաբիրօղլի Զեյնալովը:

Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռազմագերիների եւ զոհերի դիակների փոխանակման վերաբերյալ: