Սմարթֆոնների չինական խոշորագույն արտադրող Huawei–ը ծրագրում է սկզբունքայնորեն նոր գաջետ ստեղծել՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառումով։ Այս մասին հայտնել է «Սինհուան»՝ մեջբերելով կորպորացիայի կոմերցիոն բաժնի ղեկավար Ռիչարդ Յույին։

«Նոր կոնցեպցիայի այս սարքերը յուրատեսակ «կամուրջ» կդառնան թվային աշխարհի ու մեզ շրջապատող իրականության միջեւ,- պարզաբանել է գործարարը ,- Նման ինտելեկտուալ հեռախոսը լինելու է բարձր արտադրողականությամբ ռոբոտ, պարզապես առանց ձեռքերի ու ոտքերի։ Նա նույնիսկ խելացի օգնական է դառնալու մարդու համար»։

Արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների շնորհիվ նոր գաջետը կարողանալու է մշակել ու ճանաչել մեզ շրջապատող իրականությունը՝ առաջնորդվելով իրական ժամանակում որոշումների կայացման համակարգով։ Սենսորային էկրանից բացի այն ծրագրում են սարքավորել նաեւ պնեւմատիկ ու համային հաղորդիչներով, հայտնում է ՏԱՍՍ-ը։