Ղարաբաղում լուրջ սրացման նոր փորձերի հավանականությունը կախված է Բաքվի ֆինանսներից, այսինքն՝ նավթի գներից։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի  ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ վերջին մի քանի տարում Ադրբեջանը սպառազինությունների վրա մոտ 20 մլրդ դոլար է ծախսել։ Այդ փորձը կրկնելու համար առնվազն պետք է, որ նման միջոցներ լինեն։ Այլ բան է, որ նավթի գների անկման պատճառով Ադրբեջանը նախկինի պես ֆինանսական այդքան անկախություն չունի։ Իսկ դա նշանակում է, որ միջազգային խաղացողներն ավելի շատ հնարավորություններ կունենան Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։  «Ինչպես ազդել Հայաստանի վրա, հասկանալի է՝ արեք, ինչ մենք ենք ասում, իսկ դրա դիմաց ֆինանսներ կամ արտոնություններ կստանաք։ Իսկ Ադրբեջանն առաջ ասում էր՝ ինձ պետք չէ, պետք լինի, ինքս կվճարեմ։ Հիմա իրավիճակը փոխվել է»,– ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա Իսկանդարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն արդեն մի քանի տարի է՝ փոխել է աշխատաոճը։  «Միջնորդներն արդեն մի քանի տարի չեն զբաղվում հակամարտության կարգավորման փորձերով։ Ընդհանուր առմամբ հասկանալի է, թեպետ նրանք չեն կարող այդ մասին ասել, որ այս պահին ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել։ Կողմերի դիրքորոշումներն այնքան հեռու են, որ դրանք համատեղելը շատ դժվար է։ Այդ պատճառով նրանք փորձում են ոչ թե կարգավորել խնդիրը, այլ նվազագույնի հասցնել բռնությունը եւ որպես լավագույն տարբերակ՝ այն նվազեցնել։ Իսկ կարող ենք նկատել, որ էսկալացիայի աստիճանը հիմա ավելի ցածր է, քան մինչեւ 2016-ի ապրիլը»,– ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։