Այժմ Լիբանանում տիրող իրավիճակը չի կարելի ծայրահեղ կամ պայթյունավտանգ համարել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Բեյրութում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը։

Նա ընդգծեց, որ նախօրեին ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի կողմից՝ Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավճռի հրապարակումը երկրի քաղաքական իրավիճակը որոշակիորեն թեժացրել է, քանի որ «Հըզբոլլահը» հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել Լիբանանի քաղաքացիներին չհավատալ այդ դատավճռին, որը, կազմակերպության հավաստմամբ, լիարժեքորեն համապատասխանում է երկրի թշնամիների շահերին։

«Սակայն քաղաքական լարվածությունը դժվար թե վերաճի քաղաքացիական կամ զինված բախման»,- նկատեց Քանդահարյանը՝ ավելացնելով, որ հայ համայնքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։