Հայ-ուկրաինական տնտեսական փոխգործակցության ընդլայնման գործում պետք է օգտագործել առկա ողջ ներուժը: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Տիգրան Սարգսյանը` Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտայի հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ` վարչապետը համոզմունք է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական փոխհարաբերությունների դինամիկ զարգացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսության, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության բնագավառներում գործակցության զարգացման ու միջտարածաշրջանային կապերի սերտացման հեռանկարների շուրջ։ Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում քննարկվել են առաջիկայում կայանալիք բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների եւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքների կազմակերպման մանրամասներ։ Հայ եւ ուկրաինացի գործարարների միջեւ շփումների ակտիվացման առումով փոխադարձաբար կարեւորվել է գործարար համաժողովների անցկացումը։





























