«Տաթեւի թեւեր» ճոպանուղին 4 օրով չի աշխատի։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունից, Ճոպանուղին կգործարկվի շաբաթ՝ նոյեմբերի 6-ին։ «Տաթեւի թեւեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի մեկնաբանմամբ՝ ճոպանուղին տարեկան 2 անգամ նման դադար է ունենալու, կապված ամառային եւ ձմեռային ռեժիմներին անցնելու հետ։ Ճոպանուղին տեխնիկապես բացարձակ սարքին է, իսկ նման դադարները պայմանավորված են եղանակների փոփոխությանը նախապատրաստվելու անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք, որ ճոպանուղու շինարարությունն իրականացրել է շվեյցարա-ավստրիական Garaventa Doppelmayer Group ընկերությունը, որի մասնագետներն էլ ներկայում շահագործում են այն։ «Տաթեւի թեւերը» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է, որը գործարկվել է հոկտեմբերի 16-ին, իսկ հոկտեմբերի 23-ին գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ 5,7 կմ երկարությամբ ճոպանուղու ամենաբարձր կետը գտնվում է 320 մետր բարձրության վրա։ Այն անցնում է Որոտան գետի խորը եւ գեղատեսիլ կիրճի վրայով՝ իրար կապելով Հալիձոր գյուղում եւ Տաթեւի վանական համալիրում գտնվող կայարանները:





























