Երեւանում Արաբական միացյալ Էմիրությունների դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը լուրջ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանում ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա ալ-Կասիմիի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը հույս է հայտնել, որ ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարարի պարբերական այցելությունները Հայաստան, այսօր մեկնարկած հայ-էմիրաթական ներկայացուցչական գործարար համաժողովը  նոր թափ կհաղորդեն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման, ներդրումային դաշտի ընդլայնման համար: Նրա խոսքով, Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս բարձր տեխնոլոգիաների զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, գիտության եւ այլ բնագավառներում փոխգործակցության զարգացմանը եւ պատրաստ է այդ ոլորտներում էմիրաթական ներդրողների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը փոխանցել է ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի ողջյուններն ու բարեմաղթանքները: 

Շեյխա Լուբնա ալ-Կասիմի ներկայացնելով գործարար համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները`ընդգծել է, որ միջոցառմանը մասնակցող 40 էմիրաթցի գործարարները հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ կապերի հաստատումով: