Մոտ ժամանակներս Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարարության պատվիրակությունը կժամանի Հայաստան` տեղում ծանոթանալու Հայաստանի ոստիկանության համակարգում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին: Վարշավայում այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Ադամ Ռապացկու հանդիպման ժամանակ:

ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք պայմանավորվել են երկու երկրների ոստիկանական մարմինների միջեւ մի շարք ուղղություններով համագործակցության շուրջ, որի արդյունքում առաջիկայում Հայաստանի ոստիկանության եւ Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի նախարարության միջեւ համագործակցության համաձայնագիր կստորագրվի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ խորացնել համագործակցությունը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Լեհաստանի ներքին գործերի ու վարչակազմի նախարարության միջեւ: Նախատեսվում է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում:

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի հետ, քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` լեհական կողմը կաջակցի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Տեղի կունենան պաշտպանության ռազմավարական ոլորտի բարեփոխումներով զբաղվող հայկական եւ լեհական պաշտոնատար անձանց եւ փորձագիտական խմբերի փոխայցելություններ: Հայ-լեհական հաջորդ կոնկրետ պայմանավորվածությունը վերաբերում է երկու երկրների միջեւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացմանը: Արթուր Բաղդասարյանն այցելել է նաեւ Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալություն (FRONTEX):