Իրանական «Արաս» ազատ առեւտրի գոտու ներկայացուցիչները ՀՀ-ին համագործակցության առաջարկներ են ներկայացրել: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 26-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ առեւտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Իսլամական խորհրդարանի պատգամավորներ Մոհամմադ Հասան Նեժադը եւ հայազգի Կարեն Խանլարյանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին, նախարար Լոքյանը կարեւորել է Հայաստան–ԻԻՀ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացման նոր հնարավորությունները, եւ այդ համատեքստում ընդգծել Սյունիքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Նախարարի խոսքով, նման տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կլինի երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
«Մենք մեր երկրում ունենք ազատ տնտեսական գոտիներ, սակայն իրանական փորձը կարող է ընդունելի եւ օրինակելի լինել մեզ համար: Մենք Իրանին տալիս ենք նաեւ լավագույն գործիքը` ԵՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու հնարավորություն` ազատելով ավելացված արժեքի հարկից եւ այլ մաքսատուրքերից»,- նշել է Դավիթ Լոքյանը:
Շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման հնարավորության եւ ջերմ ընդունելության համար, դեսպան Սաջադին համակարծիք է եղել, որ ազատ առեւտրի գոտու ստեղծումը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման համար լուրջ գործոն է: Արդյունաբերություն, անասնապահություն, գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություն, զբոսաշրջություն, ձեռարվեստ. ահա այս ուղղություններով համագործակցելու հստակ առաջարկներ է ներկայացրել «Արաս» ազատ առեւտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղինը:
Դավիթ Լոքյանն իր հերթին անդրադարձել է երկու երկրների ազատ տնտեսական գոտիների միջեւ ամբողջական մոդելի ստեղծման գաղափարին, եւ այդ հարցում կարեւորել հայ-իրանական բազմադարյա բարեկամական կապերի առկայությունը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության նոր ոլորտներ սահմանելու եւ համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը:




























