Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի գլխավորած պատվիրակության անդամներն այսօր` նոյեմբերի 4-ին այցելել են Մայր Աթոռ, հանդիպել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ ծանոթացել Մայր Աթոռի թանգարանի հայ հոգեւոր մշակույթի գանձերին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մուհամմադ Ալ Քասեմիին, ում հովանավորությամբ վերանորոգվում է Հայաստանի նշանավոր միջնադարյան  վանքերից մեկը` Հաղարծինը:

«Մեր օրհնություններն ենք բերում ձեր առաքելությանը եւ մաղթում հաջողություններ: Թող Աստված պահի պահպանի խաղաղության մեջ Արաբական Միացյալ Էմիրությունները, աստվածասեր նրա ժողովրդին եւ բարեկամությունը երկու երկրների», - իր խոսքում նշել է Գարեգին Բ-ն: