Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Զրույցի հիմնական թեման եղել ԵԱՀԿ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները, որ կայանալու է Աստանայում դեկտեմբերի 1-2-ին:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, գագաթաժողովի նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ԵԱՀԿ գագաթաժողովը շրջադարձային կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով, առաջիկայում նա ծրագրում է հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին եռակողմ հանդիպմանը ԱԳՆ ղեկավարներին հանձնարարվել է շարունակել բանակցային գործընթացը եւ նման հանդիպում շուտով կկայանա: Այդ հանդիպմանը ԱԳՆ ղեկավարները քննարկելու են կողմերի նախապատրաստումը Աստանայի գագաթաժողովին»,- նկատել է Մամեդյարովը:
Միեւնույն ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշել էր, որ Հայաստանն իր դիրքերը չի զիջելու եւ առանց Ղարաբաղի կարգավիճակի ոչ մի Ճանապարհային քարտեզ չի ստորագրի»: «ճանապարհային քարտեզն» ընդամենը փափուկ բառ է, իսկ մեզ համար նախեւառաջ Ղարաբաղի կարգավիճակն է կարեւոր»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ նման հավանականության մասին խոսել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո:

























