Միջազգային համայնքը պետք է խելքի բերի Ադրբեջանի ղեկավարությանը, որը կորցրել է իրականության զգացողությունը։ Այս մասին 2016-ի արդյունքներն ամփոփող հունվարի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Մեկնաբանելով դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիան, նախարարը նշեց, որ տեղի ունեցածի հնարավոր բացատրությունները երեքն են։ Նրա խոսքով դա կամ եղել է Ադրբեջանի ղեկավարության հրամանը,կամ տեղի հրամանատարների նախաձեռնությունը, կամ էլ խելագար դիվերսանտների կազմակերպածը։ «Բոլոր տարբերակներն էլ վատն են։ Առաջին տարբերակը մեկնաբանության կարիք չունի։ Չնայած, կասկածից վեր է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ունակ է նման հրաման տալ, քանի որ հենց ԲԱքուն է հրաժարվում ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Եթե երկրորդ տարբերակն է, ուրեմն ադրբեջանական բանակում ամենաթողություն է տիրում։ Հրամանատարները կարող են անտեսել ղեկավարներին ու ձեռնարկել քայլեր, որոնք կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։ Երրորդ տարբերակն էլ ապացուցում է, որ ադրբեջանական հասարակությունը զոմբիանում է»,- նշեց նախարարը։
Մեկնաբանելով ադրբեջանական կողմի այն մեղադրանքները, որ զոհված դիվերսանտի մարմինը դեռ չի հանձնվել հայրենիք, նախարարը նշեց, որ Հայաստանը երբեք չի խախտել դիերը վերադարձնելու հարցում իր պարտավորությունները։ «Եվ ով է խոսում հումանիտար իրավունքի խախտման մասին։ Ադրբեջանի գործողությունների ամենաաղաղակող օրինակն այն է, որ նրանք թույլ չեն տվել մոտենալ խոցված ուղղաթիռին, որպեսզի պարզենք այնտեղ ողջ մարդիկ կան, թե ոչ։ Կամ էլ մարդկանց հետ ԻՊ ոճով հաշվեհարդար տեսնելը։ Կամ էլ հանցագործներին հերոսականացնելը»,- հիշեցրեց նախարարը։
Նախարարը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը ստիպված է մենակ քննություն անցկացնել, ինչը հնարավոր էր անել համատեղ, եթե գոյություն ունենային միջադեպերի հետաքննման մեխանիզմներ։




























