Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարները պետք է օրինակ վերցնեն Սերբիայի նախագահ Բորիս Տադիչից, ով ներողություն է խնդրել խորվաթների զանգվածային սպանության համար եւ իրենք եւս ներողությոն խնդրեն հայերից` իրենց կատարած ցեղասպանության, զանգվածային կոտորածների եւ էթնիկ զտումների համար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը եւս մեկ անգամ ապացուցեց, որ համամարդկային ու հումանիստական արժեքներն արդիական են 21-րդ դարում եւ կարծում եմ, որ որպես Եվրամիության անդամության ձգտող երկիր շատ արժանի քայլ է կատարվել: Սրանից պետք է օրինակ վերցնի Եվրամիություն ձգտող մեկ այլ երկիր` Թուրքիան, որի ղեկավարները Սերբիայի նախագահից օրինակ վերցնելով, կարող են ներողություն խնդրել 1,5 մլն հայերի ցեղասպանության ենթարկելու համար»,- ասաց Է. Շարմազանովն ու հավելեց. «Պարոն Տադիչի քայլից կարող է օրինակ վերցնել նաեւ Ադրբեջանը` Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում եւ այլ վայրերում հայերի զանգվածային կոտորածների եւ էթնիկ զտումների համար: Նման քայլ անելուց հետո միայն այդ երկրները կարող են խոսել Եվրոպական եւ համամարդկային արժեքներից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ներողություն էր խնդրել խորվաթ ժողովրդից` 200 խորվաթ քաղաքացիների եւ ռազմագերիների սպանության համար, որոնց սերբ զինվորականները գնդակահարել էին 1991-ի նոյեմբերին:

«Ես այստեղ եմ, որպեսզի հարգեմ զոհերի հիշատակը եւ իմ ներողությունն ու ափսոսանքը հայտնեմ: Ես ցանկանում եմ Սերբիային եւ Խորվաթիային հնարավորություն տալ պատմության նոր էջ բացել, որպեսզի մեր երեխաները չկրեն անցյալի բեռը»,- ասել է Տադիչը խորվաթական Վուկովար քաղաքում:

2005-ին սերբական դատարանը գնդակահարության հեղինակներին դատապարտել է 5-20 տարվա ազատազրկման:

Տադիչն առաջին սերբ նախարարն է, ով հարգել է խորվաթ զոհերի հիշատակը: Խորվաթիան ներողություն չի խնդրել Արեւելյան Սլովենիայում սերբ բնակչության ցեղասպանության եւ էթնիկ զտումներ իրագործելու համար, որոնց հետեւանքով հազարավոր սերբեր փախել էին Խորվաթիայից: