Զինգրքույկներում ապրիլյան դեպքերին մասնակցության մասին  գրառումներում սխալ թույլ տված մարդիկ կպատժվեն։

Այդ հարցով ՄԻՊ գրասենյակում վերջերս զինծառայողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է կայացել։ Օմբուդսմենն արդեն հարցում է ուղարկել բացատրություններ պահանջելով։ «Եթե պարզվի, որ զինգրքույկներում սխալներն անուշադրության հետեւանք են, մեղավորները միջեւնույնն է պատասխանատվության կենթարկվեն»,– հավելել է Թաթոյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ զորացրված մի քանի զինծառայող, որոնք քառօրյա պատերազմի մասնակից են եղել, դիմել էին լրատվամիջոցներին եւ ներկայացրել իրենց զինգրքույկների լուսանկարները, որտեղ երեւում է՝ զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է գրառումն այն մասին, որ երիտասարդները ապրիլյան պատերազմի մասնակից են եղել:

Այս առթիվ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշ զինծառայողների զինգրքույկներում արված նշումներն անփութության արդյունք են: «2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետեւ անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»,-ասված է հայտարարությունում: