Ղարաբաղյան կարգավորման շուրջ ճնշումներն ավելի ու ավելի են ահագնանում. Աստրախանյան հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի արած հայտարարությունները վկայում են, որ միջազգային  հանրությունը բավականին լուրջ ջանքեր է գործադրում Աստանայում առաջընթաց ապահովելու համար։ Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

«Այս պահին ռեժիմը դրան դիմակայելու բանալի չունի։ Դատելով ամենից՝մեկ ամիս առաջ ռեժիմը շատ ավելի ուժեղ էր, քան` այսօր։ Սերժ Սարգսյանի վարչակազմն այսօր գտնվում է խուճապային վիճակում։ Բայց սա դեռ ծաղիկներն են, որովհետեւ առաջիկա ժամանակներս շատ ավելի լուրջ գործընթացներ են սպասում»,-  ընդգծեց Զուրաբյանը՝ հիշեցնելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այն  հայտարարությունը, թե մեկ ամիս լավ աշխատելու դեպքում հնարավոր է հասնել հակամարտության լուծման որոշակի արդյունքի։

«Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարություն արեց, որ ամեն բան պատրաստ է, խոսում է ինչ-որ քարտեզի մասին, որն արդեն պատրաստ է  եւ կընդունվի Աստանայում։ Ես չեմ ասում, որ Աստանայում  այդ ամենը կլինի, բայց նման հայտարարությունների գոյությունը փաստում է, որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ եւ ճնշումներ կան»,- ասաց Զուրաբյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ իշխանությունները ղարաբաղյան հակամարտության շուրջ հոդաբաշխ բացատրություններ չեն կարողանում տալ սեփական ժողովրդին։

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության՝ Հայաստանի կողմից Ղարաբաղը ճանաչելու մասին խորհրդարան ներկայացված օրինագծին՝ Զուրաբյանը նշեց, որ երեւութական ու մակերեսային  քայլերով չպետք է զբաղվել, որոնք ավելի շատ վնասում, քան օգնում են բուն գործընթացին։

«Պետք է անել ամեն բան, որպեսզի Ղարաբաղը կայանա իբրեւ ինքնուրույն պետականություն, այնինչ ռեժիմը համոզել է միջազգային հանրությանը, որ Ղարաբաղն իր կցորդն է։ Եթե իրողությունն իսկապես լինի, աշխարհը կճանաչի ԼՂՀ-ն»,- նկատեց ՀԱԿ համակարգողը։

Վերջում Զուրաբյանն ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը հղի է տարածաշրջանային անվտանգության վրա հնարավոր լուրջ հետեւանքներով։