Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կնախաձեռնի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի ընդունում, եթե սպառվեն մնացած միջոցները կամ էլ եթե պատերազմի սպառնալիք լինի ու հակամարտության կարգավորումը դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից: Նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի Հանարպետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Սահակյանի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այսօր նկատվում է որակական փոփոխություն եւ առաջընթաց, քանի որ փոխվել են միջազգային կառույցների վերաբերմունքը ազգերի ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ:

«Բոլորը հասկանում են, որ աշխարհի պետությունների 80  տոկոսը կայացել են որպես պետություն հենց այդ իրավունքի շրջանակներում: Բացի այդ, այսօր ավելի քիչ է խոսվում տարածքային ամբողջականության մասին: Եթե նույնիսկ դրա մասին հիշատակվում է, ապա միայն այն կոնտեքստում, որ եթե ազգն ինքնորոշվում է, ապա տարածքը, որի վրա նա դա անում է, դառնում է անձեռնմխելի»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ միջազգային հասարակությունն արդեն գիտակցում է, որ եթե Արցախը չմասնակցի բանակցություններին, ապա հակամարտությունը չի լուծվի: