Հայաստանում ձերբակալվել է Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանը, ով հոկտեմբերի 28-ին դաժանաբար ծեծի էր ենթարկել 18-ամյա ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին պաշտպանության նախարարության քննչական վարչությունից, Բարեղամյանը ձերբակալվել է նոյեմբերի 4-ին:
Նշենք, որ փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել քր.օր.-ի 375 հոդվածի (իշխանազանցություն) մեղադրանքով:
Քննչական ծառայությունից հայտնեցին նաեւ, որ Արմեն Բարեղամյանին մի քանի ամիս առաջ եւս նույն հոդվածով մեղադրանք էր ներկայացվել, հոկտեմբերի 18-ին գործն ուղարկվել էր դատարան, սակայն նա շարունակում էր աշխատել:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Գեղարքունիքի մարզի բնակիչ Էրիկ Գրիգորյանի հայրը պատմել էր, որ իր որդուն դաժան ծեծի է ենթարկել Արման Բարեղամյանը: Սպան զինվորին հարվածներ էր հասցրել նույնիսկ այն ժամանակ, երբ զինվորն ուշագնաց էր եղել:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ զինվորի նկատմամբ բռնություն գործադրած սպայի դեմ մեղադրանք է առաջադրվում ընդամենը «իշխանազանցություն» հոդվածով, այլ ոչ անձի դեմ ուղղված հանցագործություն ենթադրող որեւէ հոդվածով:



























