Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել եւ հաջողություններ է մաղթել դեսպանին` նշելով, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը մեծ պատասխանատվություն եւ այդ հարաբերություններն առավել ամրապնդելու պարտավորություններ է դնում երկու երկրների դեսպանների առջեւ:
Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկկողմ կապերի սերտացման համար անհրաժեշտ նախադրյալներն ստեղծված են, զգալի աշխատանք է կատարված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ, սակայն այդ ամուր հիմքի վրա շարունակաբար անհրաժեշտ է աշխատել եւ նոր հաջողություններ արձանագրել: Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի իր պաշտոնավարման շրջանում եւս նույն արդյունավետությամբ շարունակելու իրականացնել երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր առաքելությունը:
Զրուցակիցները կարեւորել են հայ-ֆրանսիական տնտեսական, ինչպես նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությունը: Նկատի առնելով Ֆրանսիայի ծանրակշիռ տեղն ու դերը ԵՄ կառույցներում` Հանրապետության ղեկավարը եւ Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԵՄ շրջանակներում երկու երկրների համագործակցության կարեւորությունը եւս:





























