Աշխարհը պետք է ողջունի, երբ գերիներին կամ կալանավորվածներին արժանապատվությամբ եւ հարգանքով են վերաբերվում: Չնայած դա պետք է փոխադարձ լինի…
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի այցելությունը Ադրբեջանի ձերբակալված քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին:
«Աշխարհը պետք է ողջունի, երբ գերիներին կամ կալանավորվածներին արժանապատվությամբ եւ հարգանքով են վերաբերվում: Չնայած դա պետք է փոխադարձ լինի»,- իր միկրոբլոգում գրել է Էվանսը՝ պատասխանելով ձերբակալվածին այցելելու մասին Մելիքյանի թվիթին:
Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել են դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել է Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից:
Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել եւ ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157 մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն: Է. Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով:
@NKR_Ombudsman The world can only applaud when captured/arrested are treated with dignity/respect. Needs to be mutual, though.
— John M Evans (@EvansinAmerica) February 3, 2017



























