Երեւանում անցկացված Capture the Flag հաքերների մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է HamBalls թիմը, որը հավաքել է 11,400 միավոր: Նրանից մի փոքր՝ 200 միավորով հետ են մնում Հայաստանի պաշտպանության նախարարության մշակած Cyber Army ծրագրի մասնակիցները՝ MythBusters թիմը: Երրորդ տեղը գրավել է Viroos թիմը՝ 9150 միավորով:
«Capture the Flag-ը մասնակիցներին թույլ տվեց մեկ օրում գիտելիքներ ստանալ, ծանոթանալ այն տեխնոլոգիաներին, որոնք ուսումնասիրելու համար իրականում ավելի շատ ժամանակ կպահանջվեր»,- միջոցառման կազմակերպիչներից Ատրանիկ Վարդանյանն այսպես բացեց հաղթողներին պարգեւատրելու արարողությունը:
Բոլոր հաղթողներին պարգեիներ տրվեցին, որոնցից յուրչաքանչյուրը պարունակում էր տեղեկատվական անվտանգությանն առնչվող տարրեր: Քանի որ 4-րդ տեղը գրաված թիմը միայն վերջին պահին դիրքերը զիջեց, որոշվեց նրան եւս մրցանակ հանձնել: Metronom ընկերության ղեկավարության կողմից հատուկ նվեր ստացավ Knights թիմը:
Հիշեցնենք, որ Capture the Flag-ը մեկնարկել էր 2017-ի փետրվարի 4-ին եւ անընդմեջ 24 ժամ տեւել: Ընդհանուր մասնակցել է տարբեր համալսարանների եւ շրջանների 28 թիմ՝ ավելի քան 100 մարդ: Նրանք պետք է տարբեր բարդության 18 խնդիր լուծեին, որոնց գլխավոր նպատակը այս կամ այն ծրագրի կամ համակարգի խոցելի տեղերը գտնելն էր: Պայքարը լարված էր ընթանում հատկապես գիշերը՝ առաջատարների հաջողության շարունակական հերթագյությամբ, բայց մրցույթից կարճ ժամանակ առաջ միջոցառման նախաձեռնողները ստիպված էին եւս մեկ հանձնարարություն հավելել՝ հաղթողներին որոշելու համար:
Միջոցառման կազմակերպիչներն էին Enterprise Incubator Foundation-ը (EIF), 1guard Security LLC and Microsoft Armenia-ն՝ Monitis Armenia-ի, Innovative Solutions and Technologies Center – ISTC-ի, Metronom-ի համագործակցությամբ:




























