Հայաստանի վերահսկիչ պալատը սխալ եզրակացություններ է արել եւ խախտել է Հայաստանի Սահմանադրությունը: Այդ  մասին ասված է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության՝ այսօր տարածած հայտարարության մեջ, որում նա հերքում է իր հասցեին Վերահսկիչ պալատի ներկայացրած բոլոր մեղադրանքները:

Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.

«2010թ. ընթացքում Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել «ԳեոՊրոՄայնինգ ԳՈԼԴ» ընկերությունում եւ հաշվետվություն կազմել, որի շատ դրույթներ սխալներ եւ ոչ ճիշտ եզրակացություններ են պարունակում: Չնայած, որ սահմանված ժամկետում «ԳեոՊրոՄայնինգ ԳՈԼԴ» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել իր դիտողություններն ու պարզաբանումները, դրանք ի գիտություն չեն ընդունվել եւ, ավելին, ամբողջությամբ արհամարհվել են, ինչը Հայաստանի Սահմանադրության եւ  Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի խախտում է: ԳՊՄ ԳՈԼԴ ընկերության հետ աշխատանքի ընթացքում համագործակցության պատրաստակամություն է հայտնել, պալատին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ տեղեկատվական նյութերին, ինչը չէր մտնում հանձնաժողովի ստուգումների թեմատիկայի մեջ: Ընկերությունում համարում են, որ ՀՀ ՎՊ մարդկային նյութական ռեսուրսները ակնհայտորեն անբավարար են ԳՊՄ ԳՈԼԴ-ի պես լայն, մասնագիտացված արտադրության օբյեկտիվ վերլուծության համար, այսինքն ստուգումներն իրականացվել են ոչ կոմպենետենտ մասնագետների կողմից եւ նրանց ենթադրությունները բացահայտ կեղծ բնույթ են կրում:

Համարում ենք, որ ՎՊ հաշվետվությունը, որի եզրակացությունների հետ ընկերությունը կտրականապես համաձայն չէ, վնաս է հասցնում ընկերության վարկին եւ միջազգային հեղինակությանը, ինչի կապակցությամբ ԳՊՄ ԳՈԼԴ ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ մտադիր է դիմել դատական ատյաններին՝ Վերահսկիչ պալատի ապօրինի գործողությունների դեմ հայցով»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նոյեմբերի 5-ին մի շարք մեղադրանքներ էր հասցեագրել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությանը, որը շահագործում է Սոտքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերը, նաեւ Արարատի ոսկու վերամշակման գործարանը։ Նա ընկերությանը մեղադրել էր պայմանագրային պարտավորությունների խախտման, արտոնագրերի ստացման օրենսդրության խախտման եւ մեքենայությունների մեջ: