Իսրայելի ԱԳՆ–ն ուշադիր հետեւում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակ Էմանուել Նահշոնը։

«Մենք ուշադիր հետեւում ենք պարոն Լապշինի գործով իրադարձությունների զարգացմանը եւ կապի մեջ ենք համապատասխան կողմերի հետ դիվանագիտական եւ խորհրդատվական աղբյուրներով»,– ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ի նիստում մերժել է Ալեկսանդր Լապշինի գործով բողոքը։

Լապշինի եւ նրա փաստաբանների բողոքը դատարան էր ներկայացվել փետրվարի 6-ին։ Բելառուսի Գերագույն դատարանին բառացիորեն մի քանի ժամ է պետք եղել վճիռ կայացնելու համար, ինչը վկայում է դատարանի կողմնակալ վերաբերմունքի մասին։

Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա ներառված է «սեւ ցուցակում» ԼՂՀ այցելության համար։

Նման անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է, Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ «Պետական սահմանի մասին» օրենքը խախտելու համար:

Հունվարի 17–ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին։ Իսկ հունվարի 26–ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:

Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Պետական սահմանն ապօրինի հատելու» եւ երկրի ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար։