ԿԽՄԿ երեւանյան առաքելությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների իսկությունը։
Ավելի վաղ NEWS.am–ն արդեն հայտնել էր, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունից նշել են, որ այնտեղ չկա եւ չի եղել Սոֆյա Խաչատրյան անունով կամավոր, որն իբր թե Facebook–ի իր էջում «ԿԽՄԿ գաղտնի տվյալներ է տեղադրել»։
Հիմա հերքում է տարածել ԿԽՄԿ երեւանյան առաքելությունը։ Գործակալության հարցմանն ի պատասխան՝ ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ Սոֆյա Խաչատրյան անունով կին չի աշխատում եւ երբեք չի աշխատել ԿԽՄԿ–ում եւ երբեք Հայկական Կարմիր խաչի ընկերությունում կամավոր չի եղել։
«Սոցիալական ցանցում նրա ներկայացրած տեղեկությունը կեղծ է եւ ոչ մի կապ չունի ԿԽՄԿ–ի եւ նրա գործունեության հետ»,– ասել է Ամատունին եւ հիշեցրել, որ կեղծ տեղեկություն տարածելը կամ ԿԽՄԿ–ի անունից սխալ ինֆորմացիա օգտագործելը կարող է սպառնալիքի տակ դնել այդ հակամարտությունում մարդասիրական նպատակներով ԿԽՄԿ–ի առանձնահատուկ դերը։
ԿԽՄԿ–ն ղարաբաղյան հակամարտության գոտում 1992-ից մարդասիրական գործունեություն է իրականացնում։ «Երբ ապրիլին հակամարտություն բռնկվեց, մենք առաջարկեցինք մարդասիրական օգնություն ցուցաբերել եւ հանդես գալ չեզոք միջնորդի դերում։ Մենք կողմերին օգնել ենք ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների որոնման եւ շփման գծի երկայնքից դրանց դուրս հանելու մի քանի գործողություններում։ Միայն շահագրգիռ կողմերը կարող են նման վիճակագրություն տարածել»,– նշել է Ամատունին։




























