Մինչեւ որեւէ երկիր չիմանա, որ հայկական շահերին կպնելով՝ ունենալու է պրոբլեմներ, ցանկացած երկիր հայկական շահերն անտեսելու է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, «Ի՞նչ քաղաքական հետեւանքներ կունենա Լապշինի արտահանձնումը Բաքվին» թեմայով քննարկման ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով, ցանկացած երեւույթ, որը վերաբերում է ԼՂՀ-ին, չի կարող մեզ չհետաքրքրել: «Իհարկե, մի կողմից՝ կարող ենք ասել, որ Լապշինը ՀՀ քաղաքացի չէ, վատ չէր վարձատրվում իր գրած պատմությունների համար, տարբեր անձնագրեր օգտագործելով, իր շահերից ելնելով՝ փորձել է ինչ-որ գործողություններ անել, առերեսվել է քրեական գործընթացների հետ, եւ մեզ ինչո՞ւ պետք է նա հետաքրքրի: Բայց եթե հարցը դիտարկում ենք հայկական շահերի կողմից, հետեւյալ հարցադրումներն ենք անում՝ ինչպես են որեւէ մի երեւույթ մեր թշնամիները մեր դեմ օգտագործելու, ինչպես ենք մենք թույլ տալու՝ նմանատիպ իրավիճակներ չլինեն, որ մեր թշնամիները չփորձեն որեւէ բան մեր դեմ օգտագործել»,- ասաց նա:
Պողոսյանի խոսքով, դեռ այն ժամանակ, երբ Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Հունգարիայից Ադրբեջան, պետք է ՀՀ կառավարությունը կամ պետական մարմինները թեկուզ փակ նիստ հրավիրեին ու ասեին, որ այսօրվանից հետո իրենք պետք է նոր ինստիտուտ ներմուծեն իրենց աշխատանքի մեջ՝ սցենարների ծրագրավորում. «Պետք է փորձեին նախապատրաստվել նմանատիպ իրավիճակների, եթե մի այլ երկրում լինի, գործողությունների ինչ փաթեթ են պատրաստելու»:
Թեւան Պողոսյանն էլ նշեց, որ Լապշինի դեպքից հետո Հայաստանը պետք է դասեր քաղի, հասկանա, թե նման իրավիճակներում ինչպես պետք է գործի, ինչպես պետք է իր շահն առաջ տանի: Ըստ պատգամավորի՝ Բելառուսում Հայաստանի դեսպանի պահվածքը խոսում է այն մասին, որ ունենք համակարգային խնդիր. «Ամբողջ պետության վատ աշխատանքի արդյունքն է սա: Չի կարող պետությունը լավը լինել, իսկ դեսպանը վատը»:




























