Թեհրանում, փետրվարի 6-ին մեկնարկել է «Tehran International Tourism Exhibition» զբոսաշրջության 10-րդ միջազգային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը առաջին անգամ ներկայացել է միասնական տաղավարով` վեց հայկական զբոսաշրջային օպերատորների մասնակցությամբ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության կազմակերպության, հայկական EXPO GROUP եւ իրանական TITEX ընկերությունների համագործակցությամբ: Իրանական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն նույնպիսի ձեւաչափով այս տարի ապրիլի 21-23-ը Երեւանում կայանալիք «InTour Expo 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին Իրանի ներկայանալի մասնակցության ուղղությամբ:

Ցուցահանդեսին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն ներկայացրել է հայկական խոհանոցը, կազմակերպել հյուրասիրություն` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի եւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը մասնկացել են նաեւ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները` դեսպան Արտաշես Թումանյանի գլխավորությամբ:

Հայկական տաղավար են այցելել այլ երկրների պատվիրակություններ, զբոսաշրջության ղեկավարներ եւ պատասխանատուներ:

Ցուցահանդեսի շրջանակներում կայացել է հանդիպում Լիբանանի զբոսաշրջության նախարար պարոն Ավետիս Գիդանյանի հետ եւ ձեռք բերվել պայմանավորվածություն Լիբանանի եւ Հայաստանի միջեւ զբոսաշրջության ոլորում համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: