Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում  այցելել է Արմանիսի լեռնահարստացման համալիր, շրջայց կատարել ընկերության լաբորատոր կենտրոնում, դիտել հանքի շահագործման համար ձեռք բերված տեխնիկական միջոցները:

Ինչպես Լոռու մարզից հայտնումէ  NEWS.am-ի թղթակիցը, ընկերության վարչական շենքում նախագահ Սարգսյանին ներկայացվել է հանքարդյունաբերության ոլորտում իր երկու ձեռնարկությունների՝ «Սագամար» եւ «Մոլիբդենի աշխարհ» ընկերությունների միջոցով ներդրումային ծրագրեր իրականացրած «Նեւա-Ռուս» ընկերության աշխատանքն ու հետագա ծրագրերը:

«Բազմամետաղ ֆաբրիկայի հզորությունը կկազմի 800 հազար տոննա հանքաքար: Ֆաբրիկայի գործարկման սկիզբը նախատեսված է 2011թ. մայիսին: Նախատեսվում է մինչեւ 500 աշխատատեղ: Ներդրումների ծավալը կկազմի 63 միլիոն դոլար: Ֆաբրիկայի արտադրանքը արտահանվելու է արտերկիր 100 տոկոսով՝ Բուլղարիա, Սերբիա, Չինաստան: Արտադրվելու են ցինկի, կապարի եւ պղնձի կոնցենտրատներ»,- ասել է «ՆեւաՌռուս» ընկերության ներդրումների գծով տնօրեն Կարեն Ղազարյանը: