Հայաստանի շահերին, թե տնտեսական, թե քաղաքական առումներով, լավագույնս համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն մշտական հանգուցալուծում գտնելը եւ խաղաղություն հաստատելը: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, «Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները» թեմայով ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը:

«Շվեյցարիան միշտ սատարել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք առաջակել մեր ծառայությունները, որը մեր ԱԳՆ-ի գործունեության մաս է կազմում: 1996-ին եւ 2014-ին երբ Շվերյցարիան նախագահում էր ԵԱՀԿ-ում, մենք շատ ինտենսիվ ներգրավված էինք Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,-ասա դեսպանը:

Գասերը նշեց, որ 1995-ի հրադադարի ռեժիմը անպայման պետք է հարգվի, իսկ մշակված մադրիդյան սկզբունքները կայուն հիմք կարող են լինել խնդրի կարգավորման համար. ՀՀ շահերին լավագույնս համապատասխանում է կայուն մշտական հանգուցալուծում գտնելը եւ խաղաղություն հաստատելը: Եթե Շվեյցարիան  կարող է նպաստել այդ գործընթացին, միայն ուրախ կլինենք ձեռք մեկնելու:

Հարցին, թե արդյոք հասցեական դիմելու անհրաժեշտություն չի՞ տեսնում, հաշվի առնելով, որ հակառակորդ երկրից միշտ ագրեսիվ և ուժի դիմելու հայտարարություններ են հնչում, դեսպանը պատասխանեց. «ԼՂ հակամարտությունը դեռ խաղաղ լուծում չի գտել, դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել: Մենք բոլոր կողմերին ուզում ենք աջակցություն ցուցաբերել խաղաղ լուծման հասնելու համար: Սա պահանջում է ծավալուն դիվանագիտական գործունեություն, մասնավորապես ԵԱՀԿ-ի շրջանակներում:  Այդ գործունեությունը հրապարակային չի ծավալվում: Այդ առումով Շվեյցարիան որպես չեզոք երկիր, չի կարող  հրապարակավ որեւէ նախապատվություն կամ հստակ դիրքորոշում ցուցաբերել այդ հարցում»: