Աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում Լոռու մարզում մոտ 2000 անհատական բնակելի տուն է կառուցվելու:
Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը նոյեմբերի 6-ին Սպիտակ քաղաքում հայտարարել է, թե «Սպիտակի նոր թաղամասում» կառուցվել է 220 անհատական բնակելի տուն: «Սպիտակում կառուցվելու է առնվազն 354 անհատական բնակելի տուն ու սպասարկման օբյեկտ, իսկ Լոռու մարզի 24 գյուղական բնակավայրերում առնվազն 1821 անհատական բնակելի տուն»,- նշել է նախարարը եւ վստահեցրել է, որ աղետի գոտու վերականգնման ծրագիրը հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, եւ արվելու է ամեն հնարավորը աշխատանքները բարձր որակով եւ ժամանակին իրականացնելու համար:
Քաղաքաշինության նախարարն այսօր հանձնել է 165 բնակելի տներից 4-ի բանալիները նոր շահառուներին, իսկ մյուս 161 ընտանիքները բանալիները կստանան տոնական միջոցառումից հետո: Առաջիկայում բնակարան կստանան եւս 55 անօթեւան ընտանիքներ: Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն իր հերթին նշել է, որ առաջիկայում Սպիտակում նոր դպրոց եւ մանկապարտեզ է կառուցվելու:





























