Այս տարվա հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ամուսնու ու սկեսուրի կողմից բազմաթիվ խոշտանգումների ու ծեծի արդյունքում մահացած Զարուհի Պետրոսյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիա եւ երթ կանցկացվի Երեւանում` նոյեմբերի 25-ին: Ակցիայի նախաձեռնությամբ հանդես են եկել 7 հասարակական կազմակերպություններ:
NEWS.am-ի կողմից այս պատմությունը հրապարակայացնելուց հետո ստեղծվել էր հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խումբ, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական գործի ընթացքին հետամուտ լինելը: Նրանք նաեւ ստորագրահավաք էին սկսել:
Այս սահմռկեցուցիչ փաստի առնչությամբ նախաձեռնողները մտադիր են ակցիայից առաջ նամակներ ուղարկվել Հայաստանի նախագահին, Կառավարությանը, ԱԺ-ին եւ Արդարադատության նախարարությանը` պահանջելով հետեւողական լինել, որպեսզի Զարուհի Պետրոսյանի սպանության գործով դատավարություն արդար ընթացք ունենա եւ արդար դատավճիռ կայացվի:
Նախաձեռնության հեղինակ ՀԿ-ներն են «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց իրավունքների կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «Զանգակատունը», «Կանանց ռեսուրսային կենտրոնի», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը եւ «PINK Armenia»-ն:
Երթն սկսվելու է Երեւանի Կասկադ համալիրից, եւ հասնելու է մինչեւ Հանրապետության հրապարակ: Նախաձեռնողները մտադիր են ակցիայի ընթացքում դրամահավաք անցկացնել եւ հավաքված գումարը փոխանցել սպանված Զարուհու 2 տարեկան երեխայի հաշվեհամարին, որը երեխան կկարողանա օգտագործել 18 տարեկան դառնալուց հետո:
Նշենք, որ NEWS.am-ը եւս բազմաթիվ արձագանքներ է ստացել այս փաստի առնչությամբ, այդ թվում նաեւ Սփյուռքից, որոնք պատրստակամություն են հայտնել ֆինանսական կամ իրավաբանական օգնություն տրամադրել:
Հիշեցնենք, որ NEWS.am-ը մանրամասնորեն լուսաբանել էր այդ դեպքը, խոսել սպանված Զարուհի Պետրոսյանի քրոջ հետ: Ըստ վերջինիս, (http://news.am/arm/news/33022.html)` Զարուհու ամուսինն ու սկեսուրը աղջկան ծեծի ենթարկելիս կոտրել են նրա մատները, որպեսզի նա չահազանգի համապատասխան մարմիններ, այնուհետեւ գլորել են նրան աստիճաններից` իրենց սոսկալի արարքները քողարկելու նպատակով:
Այժմ Զարուհի Պետրոսյանի ամուսինը` Յանիս Սարկիսովը, ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով` առանձին դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
P.S. Դեպքի մանրամասների հետ կարող եք ծանոթանալ հետեւյալ էլեկտրոնային հրապարակումներից`
http://news.am/arm/news/33022.html-Հոկտեմբեր 04, 2010 | 09:05
http://news.am/arm/news/33152.html - Հոկտեմբեր 04, 2010 | 15:28
http://news.am/arm/news/33490.html- Հոկտեմբեր 06, 2010 | 15:56





























