Անբնական է ստեղծել միություններ, որոնք ձեւավորվում են ինչ-որ բանի դեմ, ոչ թե կողմ։ Այդպիսի համադաշնություներն ու միություններն անհեռանկարային են։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով Վրաստան-Հայաստան-Իրան համագործակցության խորացման հարցը՝ ի հակակշիռ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տանդեմի։

«Ես չեմ հավատում նման համադաշնությունների արդյունավետությանը։ Այդ առումով անհեռանկարային է նաեւ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան նախագիծը։ Օրինակի համար, Վրաստանն այդ միությունն օգտագործում է ի հակակշիռ Ռուսաստանի` ցույց տալու համար, որ ինքը պատրաստ է նման քայլերի։ Սա նաեւ վկայում է, որ Արեւմուտքը կորցնում է Վրաստանի հանդեպ հետաքրքրությունը, եւ վերջինս ստիպված է դաշնակիցներ փնտրել տարածաշրջանում»,- նշեց փորձագետը։

Նշենք, որ Վրաստան-Հայաստան-Իրան համագործակցության խորացման գլխավոր գաղափարը նրանում է, որ Հայաստանը դառնա Իրանը Վրաստանի հետ կապող ցամաքային ճանապարհ։ Այս առումով Հայաստանի եւ տարածաշրջանի համար երեւան է գալիս Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման անհրաժեշտությունը, որի շինարարությունը կսկսվի մոտ ապագայում։