Չեզոք գոտուց դիակների դուրս բերման համար հատուկ կարգ կա սահմանված, պայմանավորվածություն է ձեռք բերվում, որն ադրբեջանական կողմը ինչպես միշտ խախտել է, սկսել է խոչընդոտներ ստեղծել: Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` պատասխանելով հարցին, թե ինչ պայմանավորվածություն է ադրբեջանական կողմը խախտել:
«Ադրբեջանն է կրում ամբողջ մեղքը եւ դիակների, եւ զոհերի, եւ այդ ընտանիքներին դժբախտացնելու, սգավոր դարձնելու համար: Ամբողջի պատասխանատուն Ալիեւն է իր վարչակազմի հետ: Դիակները դուրս բերելու համար բանակցությունները շարունակվում են: Վաղ թե ուշ դիակները դուրս են բերելու, մենք միշտ էլ վերադարձրել ենք, դրա համար եթե ադրբեջանական կողմը բոլոր պայմանավորվածությունները չխախտի, ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով, ամեն ինչ կախված է Ադրբեջանից. նրանք են սրել իրավիճակը, փորձել ներթափանցել Արցախի տարածք, հետեւաբար, ամբողջ պատասխանատվությունը կրում են իրենք: Նա հիշեցրեց` հայկական կողմը միշտ կողմ է եղել հարցի խաղաղ կարգավորմանը ոչ թե որովհետեւ վախենում ենք, կամ ի վիճակի չենք պաշտպանել մեր հողը, այլ պարզապես քաղաքակիրթ ձեւով պետք է հարցը լուծել. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը եւ վարում են այս աննորմալ արտաքին եւ ներքին քաղաքականությունը, ինչպես նաեւ տեղեկատվական դաշտում»:
Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին` Դավիթ Բաբայանը նշեց, որ նոր զարգացումներ չկան, իրավիճակը համեմատաբար կայուն է:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,-ասված էր Արցախի ՊԲ մամուլի հաղորդագրությունում:
Փետրվարի 27-ի դրությամբ հակառակորդի 5 դիակները գտնվում են չեզոք գոտում: Ըստ պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաեւը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու եւս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:
Ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում եւ թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը:



























