ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերեշն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրման առիթով եւ հակամարտող կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջը շփման գծի երկայնքով բախումների վերաբերյալ վերջին հաղորդումներով։

Գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ընթացիկ ջանքերին՝ նվազեցնելու լարվածության ներկայիս վտանգավոր մակարդակն ու կանխելու հետագա սրումը։

Նա կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ հրադադարի համաձայնագիրը խախտող որեւէ գործողությունից  եւ հորդորում է անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի գիշերը միաժամանակ երկու՝ հարավ-արեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, հատուկ տեխնիկա եւ միջոցներ կիրառելով, հարձակման փորձ է ձեռնարկել:

ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին կանխել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը երկու ուղղությամբ էլ եւ, հակառակորդին կորուստներ պատճառելով, շպրտել ելման դիրքեր: ՊԲ-ի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը զոհեր եւ վիրավորներ ունի: