Անհրաժեշտ է հետեւել նավթամթերքի որակին՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել նաև դրա վատ որակի պատճառով: Մարտի 1-ին խորհրդարանում կառավարական ժամին այս մասին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի հարցին:
Փաշինյանը հիշեցրեց, որ հոկտեմբերին պաշտոնը ստանձնելիս Կարեն Կարապետյանը հայտարարել էր՝ Հայաստանում ներկրմամբ կարող է զբաղվել յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ ու արհեստական խոչընդոտներ ոչ մեկի համար չպետք է լինեն։ Բայցևայնպես արդեն մեկ ամիս է «Արագգ» ԲԲԸ-ն չի կարողանում մաքսազերծել մոտ 460 տ կերոսին։
Դրան Կարապետյանը պատասխանել է, որ ներմուծման ժամանակ ձգձգումների հարցով մտահոգություն է հայտնել նաեւ «Արմօյլ» ընկերությունը, որը նավթամթերք է ներմուծում Իրանից ու ԵՏՄ-ից։ Դա կապակցված է Հայաստանում նավթամթերքի որակին հետեւելու (քանի որ կա կեղծիքի վտանգ) ու հարկերից խուսափելու նպատակով՝ Հայաստանից ԵՏՄ-ի մյուս երկրներ վերաարտահանումը կանխելու անհրաժեշտությամբ։
«Որակի հարցերին պետք է խստորեն հետեւել։ Կարծում եմ, դուք հասկանում եք, որ մի շարք դեպքերում ապրիլյան իրադարձությունների ժամանակ մեր ռազմական տեխնիկան հենց այդ պատճառով չի աշխատել։ Որակի հսկողությունը պետք է շատ խիստ լինի։ Այլ բան է, որ մաքսատանը նման ձգձգումներ չպետք է լինեն»,- հայտնել է վարչապետը։



























