Վրաստանը բանակցում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ Երեւանի լոկոմոտիվային դեպոյում իր 4 ջերմաքարշերը նորոգելու համար:

Այդ մասին նոյեմբերի 10-ին լրագրողներին հայտնեց ՀԿԵՈՒ-ի շարժական ծառայության պետ, վառելիքա-էներգետիկ հանձնաժողովի նախագահ Ռոմիկ Ստեփանյանը: Նա նշեց, որ Երեւանի լոկոմոտիվային դեպոն վերանորոգվել է վերջին շրջանում, եւ համարվում է տարածաշրջանում նմանատիպ կառույցների համեմատ լավագույն տեխնիկական վերազինումն ունեցողը, որի շնորհիվ էլ խոշոր նշանակություն է ձեռք բերել:

«Վստահ եմ, որ շուտով Իրանից նմանատիպ պատվերներ կլինեն, ինչպես նաեւ, կառույցի տարածաշրջանային նշանակությունը հաշվի առնելով, հարեւան այլ երկրներից»,- ասաց Ստեփանյանը եւ հավելեց, որ նորոգվում եւ վերազինվում է Գյումրիի լոկոմոտիվային դեպոն, եւ աշխատանքները շուտով կավարտվեն:

Ստեփանյանի խոսքով՝՝ ՀԿԵՈւ-ն երկաթուղիների շարժական վարչության տնտեսության համար 1 միլիարդ դրամի ներդրում է կատարել:

Շարժական ծառայության պետը նշեց, որ կատարված աշխատանքի շնորհիվ տարեցտարի նվազում են երկաթուղում պատահարներն ու դեպքերը: Նախորդ տարի դեպքերի քանակը կազմել է մոտ 450, իսկ այս տարի միջինը կազմել է 133: