Մենք ոչ մի ժողովրդի թշնամաբար չենք վերաբերվում: Մարտի 3-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում փոխզիջումների ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրում խաղաղության հասնելու՝ Հայ Ազգային կոնգրեսի առաջարկին:
Բաղդասարյանի խոսքով՝ նախ հարկավոր է անվտանգություն ապահովել, իսկ խաղաղությունը դրանից է բխում: Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, ըստ նրա, կուսակցության կարեւորագույն նպատակներից են:
«Մենք ոչ մի ժողովրդի թշնամաբար չենք վերաբերվում: Մենք դեմ ենք Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությանը: Եվ մենք դեմ չենք, Լեռնային Ղարաբաղի վերջնական ինքնորոշումից հետո, վերականգնել այդ ժողովրդի հետ հարաբերությունները»,- ասել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:




























