Եթե հայկական կողմը հանդես գա հօգուտ Արցախում խաղաղության, Ադրբեջանը միայնակ կմնա Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի առջեւ։ Այս մասին մարտի 3-ին կայացած Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Նրա համոզմամբ՝ իրադրությանը մակերեսորեն նայելիս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները բոլորովին տարբեր դիրքորոշում ունեն։ Սակայն գործնականում ե՛ւ նրանք, ե՛ւ մյուսներն անկեղծ չեն իրենց ժողովուրդների հետ, անդադար նոր ագրեսիվ հայտարարություններ են անում եւ դառնում դրանց գերին։ Միջազգային միջնորդները տեսնում են, որ խաղաղություն չի ցանկանում ո՛չ այս, ո՛չ այն կողմը։

«Եթե Հայաստանը հանդես գա հօգուտ խաղաղության, ապա Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին կլինի մի կողմում, իսկ Ադրբեջանը՝ միայնակ՝ մյուս կողմում։ Այժմ հայ ժողովուրդն իր հաղթանակն ամրապնդելու հնարավորություն ունի։ Պետք է իրատես լինել եւ երկու ոտքով կանգնել հողի վրա։ Հակառակ դեպքում Հայաստանից կարող է արտագաղթի նոր ալիք սկսվել»,- նշել է Մանուկյանը։

Ըստ նրա՝ ոչ ոք ոչ մի դեպքում Հայաստանին հանձնվելու կոչ չի անում, ընդամենը պետք է կամք ցուցաբերել եւ ամրապնդել դիրքերը: