Կրթության եւ գիտության նախարարության, օմբուդսմենի աշխատակազմի եւ «Կասպերսկու լաբորատորիա» ԲԸ-ի միջեւ կրթության ոլորտում տեղեկատվական համագործակցության հուշագիր է ստորագրվել: Այն ստորագրել են կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, օմբուդսմեն Արման Թաթոյանը եւ «Կասպերսկու լաբորատորիայի» ղեկավար Եվգենի Կասպերսկին:

Ծրագրի նպատակը երեխաների կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելիս նրանց պաշտպանությունն է: Այս նպատակով նախատեսվում է սեպտեմբերից ուսումնական ծրագրի մեջ նոր առարկա ընդգրկել, որը կոչված է երեխաների անվտանգության ապահովմանը, մանկավարժների եւ ծնողների իրազեկվածության բարձրացմանը:

«Ժամանակակից տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են տալիս, բայց նաեւ մեծ վտանգներ են պարունակում»,- փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո ասաց օմբուդսմեն Արման Թաթոյանը: Նա դրանց թվում նշեց խաղերը, որոնք երեխաների եւ դեռահասների շրջանում կախվածություն են առաջացնում եւ նրանց վտանգավոր վիճակի են հասցնում: «Անհրաժեշտ է ծնողների եւ մանկավարժների օգնությամբ երեխային ժամանակին օգնել»,- նշեց Արման Թաթոյանը:    

Եվգենի Կասպերսկու խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցությունը ամենատարբեր ուղղություններով է զարգանում: «Մենք իրականացնում ենք պետական մարմինների, բիզնեսի, քաղաքացիների, իսկ հիմա նաեւ երեխաների գերպաշտպանություն»,- նշեց Կասպերսկին: Նրա խոսքով՝ Հայաստանը հռչակվել է իր պայծառ ուղեղներով, սակայն միշտ չէ, որ այն իրացնելու հնարավորություն կա: Կասպերսկին խոստացավ այս բացթողումը լրացնել՝ նկատի ունենալով հայ գործընկերների գաղափարները: «Հաջորդ անգամ մենք հետաքրքիր նորություններով կգանք»,- խոստացավ նա:

Ծրագրի վերաբերյալ դրական արտահայտվեց նաեւ Լեւոն Մկրտչյանը: