Նոյեմբերի 9-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի մշակույթի նորանշանական նախարար դոկտոր Ռիադ Իսմաթի հետ եւ նրան փոխանցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Հայաստան այցելելու հրավերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Արշակ Փոլադյանն ու դոկտոր Ռիադ Իսմաթը բարձր են գնահատել ընթացիկ տարում մշակութային երկու ծանրակշիռ միջոցառումների` Դամասկոսում «Սպարտակ» բալետի բեմադրումն ու Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը Սիրիայում:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության Գործնական ծրագրի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությանը: ՍԱՀ նախարարը պատրաստակամություն է հայտնել այցելել Երեւան եւ այցի շրջանակներում ստորագրել Գործնական ծրագիրը:

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի մշակույթի օրերն անցկացնել Հայաստանում 2011թ. մայիսին: