Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանը, ով նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնական է զբաղեցնում, իրեն տեսնում է գործադիր մարմնում, ոչ թե խորհրդարանում:

Հարցին, թե ԱԺ ընտրություններից հետո կլինի ԱԺ պատգամավոր, թե նորից պաշտոն կզբաղեցնի գործադիր իշխանությունում, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ամեն դեպքում, ՀՀԿ-ի խորհուրդն է որոշում: Ես կուսակցական եմ եւ կուսակցական կարգապահությունը պահում եմ, բայց բնականաբար, ես ինձ տեսնում եմ գործադիր աշխատանքում»:

Անդրադառնալով դեռ քարոզարշավը չսկսված տեղի ունեցող ծեծկռտուքներին, դանակահարությանը, Երեւանի քաղաքապետն ասաց. «Այդ բոլորի առումով մեկնաբանություններ եղել են, Հանրապետականի պատասխանատուների,թ ե կոնկրետ մասնակիցների կողմից: Եթե կան հարուցված գործեր, քննությունը կպարզի»:

Ինչ վերաբերում է թիվ մեկ ընտրական տարածքում առկա լարվածությանը, որտեղ թեկնածու է նաեւ իր աներորդի Ռոբերտ Սարգսյանը, նա նշեց. «Թե Պողոսյան Միհրանը, թե Սարգսյան Ռոբերտը, թե Ուրիխանյան Ղուկասը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներն են, նրանք իրար դեմ չեն մրցում»:

Տարոն Մարգարյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ Երեւանի որոշ վարչական շրջաններում, մասնավորապես Մալաթիա-Սեբասիայում, անթաքույց օգնություն է բաժանվում բնակիչներին. «Վարչական շրջանների ղեկավարները ոչ մեկն արձակուրդում չի գտնվում, բոլորն աշխատում են, եւ պարտավոր են իրենց առօրյա աշխատանքը կատարել: Ոչ միայն այս տարի, այլ ամեն տարի, բոլոր ժամանաշրջանում իրենց աշխատանքը կատարում են: Պարբերաբար մարդկանց օգնություն են բաժանում: Այնպես չէ, որ եթե քարոզարշավն սկսվել է, վարչական շրջանների անձնակազմի դռները փակվել են»:

Հարցին, թե ի՞նչ պարզվեց Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի կնոջ՝ Երեւանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի կողմից քարոզարշավով զբաղվելու վերաբերյալ, ով ըստ մամուլի, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է իր ամուսինը՝ Արման Սահակյանը, տարոն Մարգարյանն ասաց. «Ինձ թվում է, իրենց կողմից հայտարարությունը կատարվել է, դեռ մեր մեր կրթության վարչության պետն ուսումնասիրում է»:

Ավելի վաղ Տարոն Մարգարյանն այս առնչությամբ, լրագրողներին ասել էր. «Պետք է հասկանանք՝ աշխատանքի ժամի՞ն է տեղի ունեցել, թե՞ աշխատանքից հետո: Երբ դա կհասկանանք, նոր քայլեր կձեռնարկենք, դեռ չենք պարզել այդ հարցը»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում: