Արցախի շուրջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մենք ընդունեցինք որպես հնարավոր լարվածության լուրջ նախազգուշացում։ Այս մասին մարտի 6–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Եժի Նովակովսկին՝ ի պատասխան պաշտոնական Երեւանի հռետորաբանության խստացումը մեկնաբանելու խնդրանքի։
Լեհաստանի դեսպանի խոսքով՝ ՀՀ նախագահի արտահայտությունները կարելի է որպես նախազգուշացում ընդունել։ Այնուամենայնիվ, պետք չէ շտապել հակամարտության վերաբերյալ մեկնաբանությունների հարցում. ցանկացած ավելորդ բառ կարող է ոչ միայն օգնել, այլեւ վնասել։
«Առկա է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը փորձում է համակարտությունը տանել խաղաղ լուծման։ Նման ձեւաչափ գոյություն ունի եւ պետք չէ բազմապատկել բանակցություն վարողներին ու մեկնաբաններին այդ բարդ հարցի շուրջ», - նշել է Նովակովսկին։
Մարտի 2–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը իրադրությունը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար, Հայաստանը՝ առանց ոչ մի րոպե տատանվելու, կկիրառի իր զինապահեստում առկա բոլոր հնարավորությունները։



























