Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Այս մասին նախընտրական բանավեճերի ժամանակ մարտի 6-ին ասել է Հայաստանի Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, որը 2-րդ հորիզոնականն է զբաղեցնոււմ Հայաստանի Կոմկուսի համամասնական ցուցակի համապետական մասում։
Նրա խոսքով, ազգերի ինքնորոշման իրավունքը միշտ բարձր է եղել տարածքային ամբողջականության սկզբունքից։ «Հակառակ դեպքում Աֆրիկայում 50-ից ավելի պետություն չէր լինի»,- նկատել է նա։ Նա ասել է, որ աշխարհին պետք է հիշեցնել ինքնորոշման սկզբունքի գերակայությունը ու Հայաստանի Կոմկուսը մտադիր է օգտագործել իր հին ու նոր կապերը՝ դրան հասնելու համար։ Սաֆարյանը նաեւ նկատել է, որ անհրաժեշտ է զարգացնել երկրի տնտեսությունը։ «Միայն ուժեղ տնտեսությամբ պետությունը կարող է արտաքին քաղաքականության մեջ պայմաններ թելադրել»,- ամփոփել է նա։



























